Կան վերակագնվող էներգիայի բազմապիսի աղբյուրներ, որոնցից ամենատարածված տեսակներն են արևային էներգիան և հողմային էներգիան: Արևային վահանակները՝ շահագործելով արևային էներգիան, այն վերածում են էլեկտրաէներգիայի։ Հետազոտությունները ցույց են տվել, որ արևային վահանակների մի ամբողջ համակարգ, արևի լույսը կլանող ֆոտովոլտային բջիջների օգնությամբ, կարող է ապահովել շինությանը էլեկտրաէներգիայով։ Արևային էներգիայի օգտագործումը կանաչ մշակույթի զարգացմանն ուղղված մեծ քայլ է։ Եկե՛ք միասին պարզենք, թե արևային որ վահանակներն են լավագույնը հենց Ձեզ համար։

Որո՞նք են Արևային Վահանակների Հիմնական Առանձնահատկությունները։

Նախքան Ձեր պահանջներին համապատասխանող արևային վահանակ ընտրելը, անհրաժեշտ է պարզել՝ շուկայում ինչպիսի արևային վահանակներ են ներկայացված։ Ամենատարածված արևային վահանակներից են միաբյուրեղային, բազմաբյուրեղային և բարակ թաղանթային վահանակները։

  • Միաբյուրեղային արևային վահանակները պատրաստված են սիլիցիումի մեկ բյուրեղից։ Նմանատիպ վահանակների առանձնահատկություններից է տեղադրման հարմարավետությունն ու երկարակյացությունը։ Միաբյուրեղային արևային վահանակները մյուս վահանակներից տարբերվում են իրենց մուգ գույնով։
  • Բազմաբյուրեղային արևային վահանակները պատրաստված են սիլիցիումի մի քանի բյուրեղներից, որոնք հալեցվում և քառակուսի կաղապարների մեջ են լցվում։ Բազմաբյուրեղային վահանակները միաբյուրեղային վահանակներից առավել մատչելի են, քանի որ դրանք արտադրվում են առանց թափոնների։
  • Բարակ թաղանթային վահանակները բավականին ճկուն են, թեթև և հարմար տեղադրելու համար։ Սակայն համեմատ մյուս վահանակների, այս վահանակների արդյունավետությունն ավելի քիչ է։

Արդյո՞ք Ճիշտ եք Ընտրել Ձեր Արևային Վահանակը

Ինչպես արդեն նշել էինք, միաբյուրեղային արևային վահանակներն ունեն արևային էներգիայի կլանման ամենաբարձր արդյունավետության ցուցանիշները։ Բազմաբյուրեղային վահանակները զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը, իսկ բարակ թաղանթային վահանակները՝ երրորդ։ Միաբյուրեղային վահանակների հզորությունը կարող է հասնել մինչև 300Վտ, մինչդեռ բազմաբյուրեղային վահանակների հզորությունը տատանվում է 240 - 300Վտ միջև։ 

Վերականգնվող էներգիայի առավել արդյունավետ աղբյուր փնտրելիս կարևոր է հաշվի առնել, որ թեև միաբյուրեղային վահանակների արտադրողականությունն ավելի բարձր է, ստվերում այն զգալիորեն նվազում է, քանի որ վահանակն իրենից ներկայացնում է սիլիցիումի միաշերտ բյուրեղ։ Այս դեպքում հարմար են բազմաբյուրեղային վահանակները, քանի որ, պատրաստված լինելով սիլիցիումի մի քանի շերտերից, ստվերում արտադրում են ավելի շատ էներգիա։

Որո՞նք են Յուրաքանչյուր Վահանակի Դրական և Բացասական Կողմերը

Դրական կողմերից են՝

  • Միաբյուրեղային վահանակների համար լավագույն վայրը բաց տարածություններն են, որտեղ չկա ստվեր։ Նման վահանակները, լինելով բավականին դիմացկուն, հարմարավետ են գյուղական շրջաններում տեղադրելու համար։ 
  • Այլ վահանակների համեմատ բազմաբյուրեղային վահանակների արտադրողականությունը ստվերում ամենաբարձրն է։ Եթե Դուք ապրում եք քաղաքամերձ շրջաններում, այս վահանակները հենց Ձեզ համար են։

Բացասական կողմերից են՝

  • Միաբյուրեղային արևային վահանակների դեպքում բացասական կողմերից է բարձր գինը՝ պայմանավորված արտադրման ընթացքում առաջացող թափոններով։
  • Բազմաբյուրեղային արևային վահանակներն այդքան էլ դիմացկուն չեն, և ժամանակի ընթացքում դրանց արտադրողականությունը կարող է նվազել։ Սակայն նույնիսկ այս պարագայում նման վահանակները շարունակում են հարմար տարբերակ մնալ։ 

Արևային վահանակի ընտրությունը գերազանցապես կախված է Ձեր կարիքներից, ինչպես նաև այն վայրից, որտեղ նախընտրում եք տեղադրել վահանակը։ 

Կարդալ նաև